ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ. ՄԱՍ Բ.

ԾՈՎԻՆԱՐ ՆԵՐՍԻՍԵԱՆ,
Քաղաքական եւ հասարակական փիլիսոփայութեան ուսանողուհի

ԱՐՏԱՔԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ.
ՓՈԽԱՐԻՆԵ՞Լ ԻՇԽՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՆՈՐԵՐՈՎ,
ԹԷ՞ ՉԿԱՐԵՒՈՐԵԼ ՉԱՓԱՆԻՇԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Ալինայի առաջարկած նիւթը առիթ տուեց ինձ խորացնելու ժամանակակից աշխարհում մշակոյթների միօրինակացման մասին անձնական համեստ վերլուծութիւններս:

Ի հարկէ կան արտաքին գեղեցկութեան մասին գերիշխող բայց ոչ բացայայտ կանոններ, որոնք երիտասարդների ենթագիտակցութեան վրայ հետեւանքներ ունեն: Դա շատ պարզ էր ինձ համար: Պարզ էր նոյնպէս, որ այդ միօրինականացումը վտանգում է տարբեր մշակոյթների ինքնութեան զարգացմանը եւ աղքատացնում է անձերի ներքին աշխարհը, նրանց երեւակայելու ընդունակութիւնը: Սակայն չէի անդրադարձել, որ նորաձեւութիւնը կարող է ինքնութեան վրայ ազդեցութեան հարցադրումներ առաջացնել։

Բանավէճի ընթացքին բոլորս համաձայնուեցինք, որ ազդեցիկ մոտելներին նմանուելու երիտասարդների հակումը մտահոգիչ երեւոյթ է։ Բայց միեւնոյն ժամանակ մեզ չյաջողուեց սահմանել, թէ որո՞նք կարող են լինել հայկական ֆիզիքական իւրայատուկ գծերը:  

Փաստօրէն, մեր նիւթը արտայայտում է մի աւելի մեծ անհանգստութիւն, որ ինքնութեան կորուստի հետ կապ ունի: Պարզ է, որ եթէ պատանութիւնն ու երիտասարդութիւնը, ում առաջնահերթօրէն են ուղղուած նորաձեւութեան հրահանգները, ինքնութեան փնտռտուքի տարիքներն են, ապա կրկնակի հարցադրումներ կարող են լինել այն պատանիների եւ երիտասարդների կողմից, ում անձնական պատմութիւնը պատճառ է լինում կարեւորելու մշակութային եւ/կամ ազգային ինքնութեան ապահովագրութիւնը եւ պաշտպանութիւնը:

Արմինէ Յարութիւնեան. աղբիւր՝ armtimes.com

Զրոյցին նախապատրաստուելու համար մեզի տրամադրուած աղբիւրները յղումներ էին նորաձեւութեան մէջ իրարից տարբերուող երկու անձնաւորութիւնների, իբրեւ ներկայացուցիչներ գեղեցկութեան իրար հակասող հասկացութիւնների: Նրանք են Քիմ Քարտաշեանը եւ Արմինէ Յարութիւնեանը*: Elle ամսաթերթը բացատրում էր, որ Քիմ Քարտաշեանի ոճի յաջողութիւնը (որի ազդեցութիւնը շատ է զգացւում հասարակական ցանցերում) գալիս է նրանից, որ այն իրարու է կցում տարբեր մշակոյթներից բխող մասնիկներ: Հետաքրքրական է հենց այն, որ եթէ փորձում ես բոլորին նմանուել որպէսզի բոլորին էլ դուր գաս, արդէն քո ինքնութեան համար չես կարող հաւանուել։ Աւելին. այս կեղծ գեղեցկութեան «melting-pot»-ը դուրս է հանում զանազան մշակութային մասնիկները իրանց սկզբնական  համածիրից, հետեւաբար խեղաթիւրում է նրանց իմաստը, ուրեմն՝ նրանց իսկութիւնը։ Ի վերջոյ, ինչպէս ամսաթերթն է ասում, մի գուցէ Քիմ Քարտաշեանը դասական կապուտաչեայ, շէկ մազերով, նիհար, բարձրահասակ եւ դէմքի բարակ գիծերով կինը չէ, ում գերազդեցիկ Արեւմուտքը կանացի գերազանց տիպար սարքեց եւ տասնիններորդ դարի վերջից պարտադրեց աշխարհին, սակայն այն պատասխանում է ուրիշ կարգի հրահանգների, որոնք շատ թեթեւօրէն են տարբերւում տիրող երկրների դասական գեղեցկութեան չափանիշներից**։ 

Միօրինակութեան եւ գերիշխանութեան այս հրահանգների դէմ կան անձնաւորութիւններ, ինչպէս Արմինէ Յարութիւնեանը, որոնք ուզում են նորաձեւութեան աշխարհի հետ կապ հաստատել առանց ենթարկուելու գեղեցկութեան իշխող չափանիշներին:

Արմինէ Յարութիւնեանի ֆիզիքական բազմաթիւ տուեալները արձագանգում են կովկասցիների ընդհանուր գծերին՝ հաստ եւ սեւ մազեր, խիտ ու կամար ունքեր, արծուաքիթ, մեծ ականջներ:

Արմինէ Յարութիւնեանի արարքը մեզ մղում է հարց տալու, թէ ի՞նչ է գեղեցկութիւնը: Այդ քիթը՝ որ պէտք է տաշել, անկանջները՝ որ պէտք է թաքցնել, ունքերը՝ որ պէտք է մաքրել, Արմինէն իր նկարների միջոցով դարձնում է կա՜մ սիրելի, կա՜մ ընդունելի, նոյնիսկ կամաւ թէ ակամայ փառաբանում է նրանց: Սակայն չենք կարող նրան համարել գեղեցիկ, ինչպէս որ պիտի համարէինք դասական չափանիշներին համապատասխանող անձանց: Այստեղ գեղեցկութիւնը կապ ունի ինքնուրոյն չափանիշների ստեղծման հետ: Արմինէի կարգախօսը կարող է լինել՝ «Եղիր ինքդ քո չափանիշը»: Սա ուրիշ բնոյթի գեղեցկութեան չափանիշ է:

Իսկ եթէ պիտի լինես ինքդ քո չափանիշը, արդեօ՞ք կարող են լինել ազգային իւրայատուկ գեղեցկութեան չափանիշներ: Չէ՞ որ մենք հայերս դարերից ի վեր ապրել ենք աշխարհագրական տարբեր միջավայրերում եւ այդ միջավայրերի ազդեցութեան տակ, ուրիշ ժողովուրդների հետ խառնուելով զարգացել են հայերի ֆիզիքական յատկանիշները: Չէ՞ որ հայերի մօտ միշտ էլ եղել են շէկեր եւ բաց գոյնի աչք ունեցողներ։

Կարծում եմ, որ Արմինէի արարքը առաջին քայլերից է ի նպաստ երիտասարդ հայուհիներին, որ ընդունեն իրենց տարբերութիւնը միօրինակ նորաձեւութիւնից, որ պարտադրուած է աշխարհին, պայմանաւ որ նոր չափանիշների սահմանումը չդառնայ ինքն իր նպատակը: Այս տարբերակի թերութիւնը կը լինի այն՝ որ նոր չափանիշ  ընդունելով երիտասարդները ուզենան նմանուել, պատճէնել առաջարկուած ֆիզիքական յատկանիշները եւ ի վերջոյ նորից պատասխանել սպառողական հասարակութեան տրամաբանութեան։ Այս տրամաբանութիւնը արեւմտեան մշակոյթի խորքային խնդիրն է այսօր, եւ կարծում եմ, որ դրա դէմ պէտք է առաջարկել ստեղծագործութեան տրամաբանութիւն, որը կը յաղթահարի արտաքինի հետ կապուած հիւանդագին անհանգստութիւնը:

Եթէ, ինչպէս որ է գեղարուեստի պարագային, գեղեցկութիւնը յուզմուքի հետ կապ ունեցող երեւոյթ է, ուրեմն կարեւոր է գեղագիտական զգայնութիւնը դաստիարակել ըստ նոր արժէքների: Փոխանակ հետեւելու մրցակցութեան տրամաբանութեան, ճշդել թէ ո՞վ է չափանիշին ամենից մօտը, արժեւորել անհատի ընդհանուր գեղեցկութիւնը, որը կազմւում է որքան արտաքին, այնքան էլ  ներքին յատկութիւններից :

Սովորենք հաւասարութեան սկզբունքներին հետեւելով հետաքրքրուել միւսի յատկութիւններով, նրա արտաքին եւ ներքին եզակիութեան մէջ, ընդունելով որ բոլորս չենք կարող դուր գալ միւսին։ Բոլորիս մօտ լինում են տարբերութիւններ, որոնք կարող են մեզ շրջապատող իրականութեան մասին նոր գիտութիւն պարգեւել: Փորձենք սիրել այդ գիտութիւնը :

*Gucci նորաձեւութեան տան ցուցադրութեան մասնակցած հայ մոտէլ։

**Չնայած՝ աշխարհում դեռ շատ սեւահեր կանայք շէկացնում են իրենց մազերը, գանգուր մազերով կանայք հարթացնում են, իսկ սեւամորթ կանանց դեռ մի կարեւոր փոքրամասնութիւնը մորթի գոյնը փորձում է բացել: Ճիշտ է, մորթը թուխացնելու նորաձեւութիւնը գոյութիւն ունի, բայց այնտեղ նիւթը թուխացնել է, ոչ թէ սեւացնել:
 Իսկ ինչո՞ւ սպիտակ կանայք չեն երազում իրենց մորթը սեւացնելու մասին: Տարօրինակ է հնչում հարցը, իսկ դա արդէն շատ բան է նշանակում։ Սպիտակ կանայք չեն ցանկանում սեւամորթ դառնալ, բայց սեւամորթ կանայք ցանկանում են սպիտակամորթ դառնալ: Այս երեւոյթի պատճառն այն է, որ սեւամորթ ժողովուրդները սպիտակ ժողովուրդներին չեն տիրել: Դրա պատճառով չենք էլ կարող պատկերացնել, որ սպիտակամորթ կանայք ցանկութիւն ունենան սեւամորթ դառնալու:

2 Մարտ 2022

Facebook
Twitter
LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հրատարակութիւններու շտեմարան