ԾՈՎԻՆԱՐ ՆԵՐՍԷՍԵԱՆ
ԱՒԱՆԴՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ինձ թւում է, թէ այս նիւթը ժամանակակից աշխարհում է իր խորհրդաւոր իմաստը գտնում: Ժամանակին սերունդների միջեւ բախումը այսպես ասած՝ նիւթ կամ խնդիր չէր: Փոքրը լսում էր մեծին եւ հին սերունդի հեղինակութիւնը, խօսքը, իմաստութիւնը չէին կարող հարցականի տակ դրուել: Կար բախում, բայց չկար սերունդների բախման ընդհանուր տեսութիւն:
Այսօրուայ աշխարհում թւում է թէ չկայ ո՛չ օրէնք, ո՛չ կանոն եւ ո՛չ գերիշխող արժեհամակարգ (système de valeurs): Ժամանակին իշխում էին յաւիտենական ճշմարտութիւնները եւ նրանց արդարացման չափանիշը նրանց երկարակեցութիւնն էր պատմութեան մէջ (նշենք ի մէջ այլոց, որ սա է աւանդոյթի սահմանումը), այսինքն անցեալը դրական արժէք էր:
Անցեալ՝ 20-րդ դարի ընթացքում, Արեւմուտքում անհատը աստիճանաբար դարձաւ ինքնուրոյն արժէք: Սրանով է բացատրւում, թէ ինչո՞ւ զարգացան պատանեկութեան շուրջ՝ իբրեւ ինքնավարութեան եւ ինքնահաստատման շրջան, հոգեբանութեան հետազօտութիւններն ու բազմաթիւ հարցադրումները։
20-րդ դարի երկրորդ կէսից աւանդութեան եւ արդիականութեան յարաբերութիւնները սասանուեցին եւ արեւմտեան իշխող երկրները իրենց մշակութային փոփոխութիւնները տարածեցին աշխարհի չորս կողմերում:
Այս համատեքստում, ուր անհատի ազատութեան երաշխաւորութիւնը բացարձակ կարեւորութիւն ունի եւ ուր այլեւս չի զգացւում հին արժէքների եւ աւանդոյթների կշիռը, նոր սերունդի հետ բախումը զարմանքի առիթ է տալիս: Մի՞թէ նրանց անհատական ազատութիւն չէր տրուած, որպէսզի սահուն ձեւով մեծանան եւ զարգանան: Հին սերունդի մէջ հարց է բարձրանում. նոր սերունդը այսօր ազատութեան փոխարէն սահմանափակումների կարիք չունի՞:
Իմ կարծիքով այստեղ շփոթ կայ ազատութեան երկու տարբեր հասկացութիւնների միջեւ: Առաջին հասկացութեան համաձայն ազատութիւնը նշանակում է այն դրութիւնը, ուր ոչինչ որոշուած չէ, ուր կամքի սահմանափակում չկայ: Երկրորդ հասկացութեան համաձայն ազատութիւնը ո՛չ թէ ներուժութիւն է, այլ մի խորը գործընթաց, որի արդիւնքում անձը կերպարանափոխւում է:
Եթէ փորձենք հարցը վերլուծել առաջին հասկացութեան տեսանկիւնից, պէտք է աւելի պահպանողական կեցուածք ունենանք արժէքների նկատմամբ: Քանի որ ազատութիւնը այստեղ նման է ոչնչութեան (néant), պարզ է, որ հին սերունդը, մտահոգ, իր արժէքները եւ աւանդոյթները պիտի համարի ճիշտ կողմնորոշիչներ նոր սերունդի համար: Հին սերունդը ընդհանրապէս ժամանակակից սերունդի ազատութիւնը հենց այդպէս է ընկալում. իրեն թւում է, թէ նոր սերունդը իր կեանքում չունի արգելքներ, որովհետեւ նոր սերունդի դրութիւնը տեսնում է իր երիտասարդ ժամանակուայ կեանքի չափանիշներով: Բայց այս տեսանկիւնը հաշուի չի առնում այն փաստը, որ հասարարակական իրականութիւնը ընդհանրապէս փոխւում է սերնդից սերունդ, եւ յատկապէս իմ սերունդի պարագայում, որ ապրում է շատ անկայուն աշխարհում: Սա է պատճառը, որ աւանդոյթ բառը մեր ժամանակաշրջանում բացասական է հնչում:
Ես կ’ասէի աւելի ճիշտ, որ մեր սերունդն էլ հանդիպում է դժուարութիւնների եւ արգելքների, բայց չունի ամուր արժէքներ յաղթահարելու համար դրանց: Սակայն եթէ ճիշտ է, որ կեանքի իրականութիւնը փոխուել է, ուրեմն հին սերունդի բոլոր տեսիլները եւ արժէքները դժուար թէ օգտակար լինեն նոր սերունդի հասունացմանը:
Ցանկանում եմ եզրակացնել, որ ազատութեան առաջին հասկացութիւնը սխալ հասկացութիւն է, սակայն ճիշտ է, որ մեր սերունդին էլ են համոզել, որ դա է իսկական ազատութիւնը, եւ դրա համար է, որ չենք հասկանում, թէ որո՞նք են այս ժամանակաշրջանում սերունդների բախման ընկերային պատճառները: Այդ պատճառով էլ ես համարում եմ, որ ինքնավարման ճամբան համապատասխանում է ազատութեան երկրորդ հասկացութեանը: Այս պարագայում ազատութիւնը ազատագրութիւն է, որի աղբիւրն է աւանդոյթի եւ նոր ստեղծուած արժէքների երկխօսութիւնը: Չմոռանանք, որ անցեալի արժէքները ժամանակին արդիականութեան խորհրդանիշեր են եղել եւ, որ այսօր ստեղծուած արժէքները վաղը պիտի կորցնեն իրենց ուժը:
Այսօրուան խնդիրը երեւի աւելի նրա մէջ է կայանում, որ սերունդների բախման առիթը կարծես թէ չքանում է:
Բոլորս մեր մէջ ունենք թէ՛ աւանդութիւն եւ թէ՛ արդիականութիւն: Ժամանակակից մարտահրաւէրը այն է, որ հին արժէքները չարգիլեն այսօրուայ աշխարհին համընկնող արժէքների ստեղծումը, միեւնոյն ժամանակ՝ արդիականութիւնը չնշանակի արժէքներից զրկուած աշխարհ:
10 Յուլիս 2020